Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ ապրել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ։ Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։ ժամանակագրական առումով՝ քաղաքի տարածքի հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդանյան քարայրն է (Երևանյան լճի մոտ՝ Հրազդան գետի ձախ ափին), որի հնագույն, ստորին շերտը (4-5 մշակութային շերտ) թվագրվում է մոատերյան շրջանով (10-3,5 հազարամյակ առաջ)։ 1950 թվականիև Արին բերդ բլրի պեղումներով հայտնաբերվել է Վանի թագավորության Արգիշտի Ա արքայի սեպագիր արձանագրությունը, ըստ որի՝ Արգիշտի Ա-ն Էրեբունի բերդաքաղաքը հիմևադրել է մ.թ.ա. 782 թվականին։ Արձանագրությունը վկայում է. «Խալդ աստծո հրամանով, Արգիշտին, Մենուայի որդին երեբունի քաղաքը կառուցեց Բիաինիլիի հզորության համար…. Խաթե /և/ Ծուպանե երկրներից ես այնտեղ 6 հազար 600 զինվորներ բնակեցրի»։
Մ.թ.ա. 7-րդ դարում Կարմիր բլուրում կառուցվել է Թեյշեբաինի ամրոցը, որը մ.թ.ա. 6-րդ դարում կործանել են սկյութները և մեդիացիները:
Հայ մատենագիրները Երևանի անվան ծագումը երկար ժամանակ կապել են Նոյյան տապանի աստվածաշնչյան ավանդության հետ, իբրև երբ Նոյի տապանը կանգ է առել Արարատի գագաթին, և Նոյը, ջրհեղեղից հետո տեսնելով առաջին ցամաքը, որն ապագա Երևանի կառուցման վայրն էր, գոչել է՝ երևա՜ց (այստեղից էլ՝ «Երևան» անվանումը)։ Առավել տարածված է այն տեսակետը, որ «Երևան» անունը կապված է երեբունի բերդաքաղաքի անվան հետ։ Սակայն կան նաև այլ տեսակետներ. դրանցից մեկի համաձայն՝ հիմնադրված նոր բնակավայրի անվանակոչման համար Արգիշտի Ա-ն կամ օգտագործել է տարածքում եղած ու նրան հայտնի հնագույն այլ բնակավայրի անուն, կամ կոչել է «երի» կամ «արի» ցեղի (երկրի) անունով։ Հայկական լեռնաշխարհից ու շրջակա տարածքներից հեռացած հնդեվրոպացիների նախնիները՝ արիական ցեղերը, հիշում են իրենց՝ արի ցեղին պատկանելու փաստը և գրավոր աղբյուրներում նշում են այդ մասին:
Երևանի մասին հիշատակվում է 7-րդ դարում՝ «Գիրք թղթոցի» մեջ։ Պատմիչ Սեբեոսը վկայում է, որ արաբական արշավանքների ժամանակ Երևանը վաճառաշահ ու այգեշատ քաղաք էր։ 12-13-րդ դարում Երևանը բավական մեծ տարածք է զբաղեցրել, սակայն սելջուկ թուրքերի արշավանքների հետևանքով հիմնովին ավերվել է և, տակավին չվերականգնված, ենթարկվել նոր արհավիրքի՝ մոնղոլ-թաթարների, ապա Լենկթեմուրի ասպատակություններին, և 1387 թվականին, ի թիվս այլ քաղաքների, կրկին ավերվել է։
Երևանի կարևորությունը մեծացել է 1437-1467 թվականներին, երբ դարձել է Արարատյան աշխարհի մեծագույն մասն ընդգրկող կուսակալության կենտրոնը և հաճախ հիշատակվում է որպես «Արարատյան երկրի մայրաքաղաք»։
Իր բազմադարյան պատմության ընթացքում Երևանը բազմիցս տուժել է բնական աղետներից՝ երկրաշարժներից և Գետառի սելավներից։ Ամենակործանարարը 1679 թվականի հունիսի 4-ի երկրաշարժն էր. փլվել են եկեղեցիներ, մզկիթներ, Երևանի բերդի, խանի ապարանքները, բաղնիքները, ավերվել քաղաքի բնակելի թաղամասերը։ Զոհերի թիվը հասել է 7600-ի։

