Posted in Գրականություն

Զահրատ, Կաղանդի գիշեր

Ամեն ինչ ծայրեն վերսկսելու,
Ի վերջո նորեն այսպես ըլլալու
Տոնն է այս գիշեր:
Լույսը վառեցեք, եթե չի բավեր
Ձեզ տաքցնելու մեր լույսը ներքին;
Պահ մը ամեն ինչ վերջացնելու,
Ամեն ինչ ծայրեն վերսկսելու
Տոնն է այս գիշեր:
Հույսեր վառեցեք, եթե չեն բավեր
Ձեզ տաքցնելու ձեր հույսերը հին,
Տոնն է այս գիշեր:
Ի վերջո նորեն այսպես մնալու,
Քիչ մը ավելի հուսալքվելու
Տոնն է այս գիշեր:
Երգել փորձեցեք, եթե չեք մոռցեր
Խանդոտ երգերը ձեր պարմանության
Տոնն է այս գիշեր:
Զուր տեղ վատնված օրերն հիշելու,
Գոյության տխուր հաշվեկշիռին
Տոնն է այս գիշեր:
Լույսեր և հույսեր վառեցեք գույն-գույն,
Երգեր երգեցեք հինեն ու նորեն,
Տոնն է այս գիշեր:
Գոյատևելու տոնն է այս գիշեր:

Կաղանդի գազել

Բարև ըսեմ այս Կաղանդին ու բոլոր հին  Կաղանդներուն,
Մեր Կաղանդին, ձեր Կաղանդին ու բոլորին Կաղանդներուն:

Ես տարվույն մեջ, տարիեն դուրս, ինչ Կաղանդներ եմ ողջուներ,
Թող ձերն ըլլա այս գիշերվան կարմիր գինին Կաղանդներուն:

Տոն եմ տոներ ամեն անգամ, երբ նոր սիրով մ՛եմ գինովցեր,
Ամեն անգամ լույսն եմ խմեր այս լուսածին Կաղանդներուն:

Դուք ցնծացեք, դուք բերկրացեք ու խայտացեք այս գիշեր դուք,
Խուզարկեցեք արևասքող գանձն ու ոսկին Կաղանդներուն:

Իմ Կաղանդին ըսպասեմ ես Սեր-Կաղանդիս նորահըրաշ,
Երբ դուք մըռայլ օրերե վերջ երթաք կրկին Կաղանդներուն:

Բարև ըսեմ այս Կաղանդին ու բոլոր հին  Կաղանդներուն,
Մեր Կաղանդին, ձեր Կաղանդին ու բոլորին Կաղանդներուն:

ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայ

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
— Ծառէն զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերու

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ — ոչ ծառ ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ

Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք