«Հազարան հավք»
ՊԱՌԱՎԻ ՈՐԴՈՒ ՄԱՀԸ
Արան թագավորի քաղաքում մի աղքատ պառավ կին է լինում. ունենում է մի մինուճար որդի: Օրերից մի օր էս պառավի տղեն հիվանդանում է ու սիրտը խաղող է ուզում:
— Նանի, ի՞նչ կլինի` ինձ համար խաղող ճարես,- թախանձում է մորը:
Մերը վեր է կենում, գնում անթառամ Այգին, որ խաղող բերի: Այգեպանները խաղող չեն տալիս: Մոր սիրտ է, հետ չի դառնում, ասում է, թե` որդիս հիվանդ է, սիրտը խաղող է ուզում, Աստծու սիրուն մի քանի ճիթ խաղող տվեք:
Այգեպանները թե` այգին ջրում ենք, ժամանակ չունենք, առ էս մի ճիթ խաղողը, գնա:
Ու այգեպաններից մեկը մի ճիթ խաղող է պոկում, շպրտում: Ճիթն ընկնում է գետնին, բոլոր հատիկները թափվում են, դես ու դեն ցրվում, կորչում: Պառավը հազիվ մի քանի հատիկ հավաքում, բերում տալիս է հիվանդ որդուն: Հիվանդն ուտում է ու թե` նանի, էս մի քանի պտուղով սիրտս չհովացավ, գնա, մի ճիթ էլ բեր: Պառավն էլի վեր է կենում գնում: Հասնում է այգեպաններին: Ինչքան խնդրում է, աղաչում-պաղատում է, քարսիրտ այգեպանները բան չեն տալիս, դուրս են անում ու այգու դռները հետևից փակում: Պառավը դառն ու դատարկ հետ է գալիս: Գալիս է տեսնում` որդին խաղող կանչելով, մորն է սպասում: Էդպես խաղող կանչելով էլ էն գիշեր պառավի որդինխնդրում է:
Հարցեր և առաջադրանքներ՝
- Բացատրիր սիրտը ուզել, սիրտը չհովանալ դարձվածքները:
սիրտը ուզել-ցանկանալ
սիրտը չհովանալ-չհագենալ
- Սրտի մասին գրիր ուրիշ դարձվածքներ: Օգտվիր Դարձվածաբանական բառարանից:
Սիրտը բաց անել, սիրտը հովանալ, սիրտը կոտրել
- Գրիր կարմիրով նշված բառերի կազմությունը:
Այգեպան-այգի+պան (բարդ բառ)
հիվանդ-(պարզ բառ)
հատիկ-հատ+իկ (ածանցավոր)
քարսիրտ-քար+սիրտ (բարդ բառ)
- Գրիր մուգ գրված բառերի և արտահայտությունների հոմանիշները:
աղքատ -չունևոր, չքավոր
Օրերից մի օր-մի անգամ
խնդրել-թախանձել
մեռնել-մահանալ
- Գրիր կանաչով նշված բառերի հականիշները:
պառավ-ջահել
հիվանդանալ-առողջանալ
պոկել-կպցնել
փակել-բացել
- Ի՞նչ կարծիք կազմեցիր այգեպանների մասին. բնութագրիր նրանց:
նրանք դաժան և չկամեցող մարդիկ էին։
- Ի՞նչ զգացիր պատմությունը կարդալիս:
Պատմությունը դաժան էր և տխուր
- Փոխիր վերջաբանը. նոր ավարտ մտածիր:
Ես կցանկանայի որ այգեպանները բարի գտնվեին, տատիկին խաղող տային և նրա տղան ապաքինվեր։
