Posted in Uncategorized

~Հավես ճամբար~

Ճամբարները ուսումնական տարվա այն ժամանակահատվածներ են, որոնց ամենայն ոգևորվածությամբ եմ սպասում․․․ Ճամփորդություննե՛ր, սահնակնե՛ր, նորագույն մտքե՛ր, էկզոտիկ զգացողություննե՛ր և ամենակարևորը՝ ժամանակ հաճելի շրջապատի հետ։ Ճամբարները հնարավորություն են տալիս զբաղվել այն ամենով, ինչքը քեզ հետաքրքիր է, նաև դասերի շրջանակներից դուրս։ Այս տարվա ճամբարային գործունեության իմ ընտրությունը կանգնեց արվեստի վրա։ Իմ բոլոր արտադասարանական դասերը ինչ-որ ձևով կապ ունեն արվեստի հետ, այսպիսով դպրոցում նույնպես որոշեցի զբաղվել նրանով՝ ինչը ինձ դուր է գալիս։ Տեխնոլոգիայի դասերը ինձ համար ինքնաարտահայտման մի երանգ են, որոնք բացի հաճույքից տալիս են նոր գիտելիքներ այդ ոլորտում և իմացածը հստակեցնում, ամրապնդում։ Մենք՝ սեբաստացիներս կանգնած ենք հարյուրավոր ընտրության տարբերակների առաջ, մնում է միայն ցանկությունը, որը ինձ մոտ անպակաս է․․․

Ձյան առաջին փաթիլները կարծես ակնարկում էին, որ սահնակները պահոցից հանելու ժամանակն է։ Աչքերս ուղղակի փայլում էին, երբ տեսա բլուրի մոտ գեղեցիկ դասված սահնակները։ Էներգիան կարծես քառապատկվեց և վազելով դեպի դրանք մենք վայելեցինք այն ողջ ուրախությունը, որին սպասել էինք մի ամբողջ տարի։ Ափսոս, որ այդ մի քանի րոպեներով ենք ստիպված բավարարվել, կրկին հավաքելով ողջ ոգևորվածությունը և պահելով հաջորդ տարվա համար։

Ինչպես և ասեցի՝ իմ բոլոր նախագծերը և ընտրած ոլորտները ինչ-որ ձևով կապ ունեն արվեստի հետ։ Ես մասնակցում եմ «Ես հեքիաթասաց եմ» նախագծին, որը իրենից ներկայացնում է հետևյալ գործունեությունը։ Մենք վերցնում ենք հայ-ժողովրդական հեքիաթներ և դրանք մի փոքր ձևափոխելով և ժամանակակից տերմիններ ու արտահայտություններ մտցնելով ստանում հրաշք բեմադրություն, որը ինձ թույլ է տալիս այլապես ճանաչել ինքս ինձ։ Թատրոններում, ներկայացումներում երբեք ինձ օտար չեմ զգացել։ Հեշտ եմ ինտեգրվում դերի հետ և կարծես բարեկամանում։ Ես կարծում եմ, որ դա էլ ինքնաարտահայտման մի ձև է, որը հնարավորություն է տալիս նայել քեզ լրիվ այլ տեսանկյունից։ Նախագիծը իրականացնում ենք մեր ավագ ընկներների և ուսուցիչների հետ, ովքեր այս ոլորտում շատ լավ խորհրդատուներ, ինչու ոչ՝ մասնակիցներ են։

Ճամբար ջան, միշտ հավեսով սպասում եմ քեզ ու քեզ հետ բերած ուրախությանը։